Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Կապոյտ ձին 2014-ին աշխարհն ընդհանուր առմամբ թեժ ու լարւած պահեց: Դա թերեւս պայմանաւորւած էր հակամարտող երկրների թւի աճով: Լրատւամիջոցների, այդ թւում՝ "Երկիր Մեդիա" հեռուստաընկերութեան ուշադրութեան կենտրոնում են եղել յատկապէս Ղրիմը կորցրած եւ Դոնբասում իրավիճակի վերահսկողութիւնը ձեռքը վերցնել չկարողացող Ուկրաինան, դեռ նախորդ տարիներից անկայուն վիճակում գտնւող Սիրիան ու Իրաքը, որտեղ լարւածութիւն ստեղծեց "Իսլամական պետութիւնը": Եւ, իհարկէ, հետեւել ենք Միացեալ Նահանգներում եւ Ռուսաստանում տիրող իրավիճակին, քանի որ երբ լարում են գերտէրութիւնների յարաբերութիւնները, այդ լարւածութեան հետեւանքները, տւեալ դէպքում՝ պատժամիջոցների հետեւանքները, զգում են նաեւ միւս պետութիւնները:

Բայց այլ բան է, թէ ինչ կարեւոր իրադարձութիւններ են տեղի ունեցել, եւ այլ բան է, թէ ինչքանո՞վ են այդ իրադարձութիւնները հետաքրքրել աշխարհի մարդկանց: Ուրեմն որո՞նք էին 2014-ի այդ իրադարձութիւնները: Պարզել ենք որոնողական Google համակարգի միջոցով:

Ռոբին Վիլյամս. 2014թ. Google որոնողական համակարգում ամենաշատը նրան են փնտրել: Օգոստոսի 11-ին ամերիկացի դերասանին մահացած գտան Կալիֆորնիայի իր տանը. նա ինքնասպանութիւն էր գործել:

Ֆուտբոլասէրներն աշխարհում կարծես բաւական շատ են: World cup կամ "Աշխարհի գաւաթ". սա Google-ում ամենաշատը որոնւած երկրորդ բառակապակցութիւնն է: Յիշեցնենք, որ Գերմանիայի ֆուտբոլի հաւաքականն իր պատմութեան մէջ 4-րդ անգամ նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

"Էբոլա" անւանումն ամենաշատը, համացանցային տերմինով ասած՝ "գուգլել" են աֆրիկեան այն պետութիւններում, որտեղ մեծ տարածում ունէր վիրուսը: Վիրուսի վերաբերեալ տեղեկութիւն հայթայթելու պահանջարկն իր բացատրութիւնն ունի. "Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան" տւեալներով՝ 2014-ին Արեւմտեան Աֆիկայում վիրուսից մահացածների թիւը գերազանցում է 7500-ը:

Google-ում չորրորդ ամենաշատ փնտրւած արտայայտութիւնը "Մալայզիական աւիաուղիներն" է: Տերմինը հիմնականում փնտրել են մարտից ապրիլ ժամանակահատւածում, երբ անյետացաւ "Մալայզիական աւիաուղիների" "Բոինգ-777" ինքնաթիռը՝ մինչ օրս անորոշութեան մէջ պահելով 239 ուղեւորի ճակատագիրը: Որոնողական համակարգում "Մալայզիական աւիաուղիների" նկատմամբ հետաքրքրութիւն է նկատւում նաեւ յուլիսին: Այդ ժամանակ ռուս-ուկրաինական սահմանի մօտ կործանւեց նույն աւիաընկերութեանը պատկանող օդանաւը՝ խլելով 298 մարդու կեանք:

Միացեալ Նահանգներից մինչեւ Ռուսաստան, Արաբական Միացեալ Էմիրութիւններից մինչեւ Հայաստան. ամռան շոգին սկսւած, բայց նաեւ աշնան հովին շարունակւած "Սառցէ դոյլի մարտահրաւէր" ֆլեշմոբը Google-ի կողքով աննկատ չանցավ: Բարեգործական ակցիան փորձեց ուշադրութիւն հրավիրել ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ հիւանդութեան վրայ, մասնակիցներ ակցիան, համենայն դէպս, ձեռք բերեց:

2014թ. ամենաշատը որոնւածների ցանկի 6-րդ հորիզոնականում տեղ է գտել ո՛չ իրադարձութեան, ո՛չ անձի, ո՛չ էլ ընկերութեան անւանում, այլ՝ վիետնամցի Դոնգ Նգույենի ստեղծած բջջային խաղը: Flappy Bird խաղի իմաստը միայն հետեւեալն է՝ թռւռացող թռչնակին պէտք է անվնաս անցկացնել խողովակների միջով: